Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտային ծառայողների վերաբերյալ վերապատրաստումների, փորձի փոխանակման և աշխատակիցների կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր
օգոստոսի 26, 2024
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը Կենտրոնի ղեկավար անձնակազմի հետ օգոստոսի 26-ին ընդունել է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Արման Գասպարյանին:
Հանդիպմանը քննարկվել են Կենտրոնի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղական և միջազգային փորձագետների միջոցով Կենտրոնի կողմից իրականացվող Արդարադատության նախարարության քրեակատարողական (նաև պրոբացիայի) ծառայողների վերապատրաստումների գործընթացում ուսումնական մոդուլների մշակումը և դրանց հիման վրա պիլոտային վերապատրաստմների իրականացման ընթացիկ հարցեր:
Կենտրոնի տնօրեն Հայկ Սանոյանը կարևորել է մոդուլների մշակման և ներդրման աշխատանքների իրականացումը՝ ընդգծելով այդ գործում միջազգային առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Երևանյան գրասենյակի աջակցության ու շարունակական համագործակցության շրջանակներում քննարկվել են նաև Կենտրոնի վերապատրաստողների համար մոդուլների մշակման ու գնահատման ուղեցույցի պատրաստման և մեծահասակների կրթության վերաբերյալ հարցեր:
Կողմերը պայմանավորվել են շարունակել հետամուտ լինել համատեղ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների իրականացմանը։